ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Ամենամեծ խնդիրը մարզերում ակնաբուժական մասնագիտական օգնության բացարձակ բացակայությունն է»

«Ամենամեծ խնդիրը  մարզերում ակնաբուժական  մասնագիտական օգնության  բացարձակ բացակայությունն է»
11.10.2013 | 11:40

Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼԱՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում երեկ խոսեց ոլորտում առկա խնդիրներից և ռազմավարական ծրագրերից: Նրա խոսքով` ամենամեծ, պետական նշանակություն ունեցող հիմնախնդիրը մարզերում ակնաբուժական մասնագիտական օգնության բացարձակ բացակայությունն է, հատկապես` վիրաբուժական: «Ակնաբուժական սարքավորումները բավականին թանկ են, դրանց հետ վարվելը պահանջում է բարձրորակ մասնագիտական վերապատրաստում, էլ չեմ խոսում բժշկի մասին, որ պետք է ունենա միկրովիրաբուժական բարձր ունակություններ»,- ասաց Ալեքսանդր Մալայանը: Նրա խոսքով` ներկա դրությամբ նշված պահանջներին համապատասխանող բաժանմունքներ ոչ մի մարզում չկան: Բացի այդ, չկա մասնագիտական հսկողություն Երևանի ակնաբույժների կողմից, լինում են եզակի, թռուցիկ այցելություններ մարզեր, անցկացվում են կոնսուլտացիաներ, և դրանով ամեն բան ավարտվում է: Անհրաժեշտ են մշտական գործող մասնագիտական վիրաբուժական բաժանմունքներ, որոնք, բանախոսի տեղեկացմամբ, մայրաքաղաքում ութն են, ծայրամասերում ընդհանրապես բացակայում են:
«Մեր հիմնական ուժերն ու գաղափարները պետք ուղղվեն այդ վիճակը շտկելուն: Առողջապահության նախարարության, բարեգործական հիմնարկների և մարզերի ղեկավարության հետ համատեղ փորձում ենք միջմարզային բաժանմունքներ բացել: Բայց դա դեռևս գաղափար է, անհրաժեշտ են միջոցներ` ֆինանսական, կադրային և այլն»,- ասաց Ալ. Մալայանը:
Անդրադառնալով մարզերում կադրերի պակասի խնդրին, ակնաբույժը նշեց, որ մեր ուսանողները, նույնիսկ մարզերից եկած ուսանողները, ավարտելով բժշկական համալսարանը, չեն գնում մարզ: Հիմնական պատճառը հիվանդանոցների խնդիրն է: «Ոմանք ուզում են գնալ, գալիս են մեզ մոտ, տեսնում են ժամանակից սարքավորումներ, ժամանակակից վիրահատություններ, երջանիկ հիվանդներ, որոշ դեպքերում` ոչ երջանիկ, բոցավառվում են, ուզում են գնալ, բայց այնտեղ ոչինչ չկա»,- ասաց Ալեքսանդր Մալայանը, հավելելով, որ աշխատանքներ պետք է տարվեն նաև աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերման, պրոֆիլակտիկ բուժզննումների ուղղությամբ: Նրա տեղեկացմամբ` աճել են ակնային համարյա բոլոր` և՛ բուժելի, և՛ անբուժելի հիվանդություները: Նա առանձնացրեց շաքարախտից առաջացած աչքի բարդությունները. «Այս դեպքում մենք անզոր ենք որևէ բան անելու առանց էնդոկրինոլոգների մասնակցության։ Երբ էնդոկրինոլոգը հայտնաբերում է հիվանդությունը, հիվանդի երկրորդ այցելությունն անմիջապես պետք է լինի ակնաբույժին»:
Մատչելի՞ են արդյոք մեր քաղաքացիների համար ակնաբուժական ծառայությունները:
«Անվճար բուժօգնությունն իրականացվում է համաբուժարաններում: Մասնագիտական կենտրոններում պետպատվերի շրջանակը գնալով ընդլայնվում է»,- ասաց պրոֆեսորը, նկատելով, որ եթե կլինիկաներում, համաբուժարաններում հիվանդներն այսօր շատ են, դա խոսում է ոչ թե հիվանդության աճի, այլ սպասարկման մատչելիության մասին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ